Ապրիլի 2-ին Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն ասել է, որ իրենք իրենց գործն են արել, միաժամանակ շատ չեզոք են մնացել։ «Անկեղծ ասած՝ հուսախաբ եմ։ Իշխող ուժը, որ այդքան մեծ ազդեցություն ունի, մի քիչ դժվար է դարձնում պատկերացնել երկրի գունավոր ապագան։ Կարող եմ ասել, որ նույն վիճակը նաև ԱՄՆ-ում է»: Դժվար է ասել՝ ի՞նչ հույսեր ուներ Սերժ Թանկյանը, որ հուսախաբ է, որ Հայաստանում կա մեկ չարանենգ ու ստոր ընտրախախտո՞ղ, իրենք գալու են, նրան բացահայտեն, անարգանքի սյունին գամեն, վնասազերծեն, Հայաստանը երջանկացնեն ու դիտորդական առաքելությունը երջանիկ ավարտե՞ն: Happy end? Որ չկա նույնիսկ ԱՄՆ-ո՞ւմ: Շնորհակալություն նրան՝ պատրանքի համար:
Ես այսօր ամբողջ օրը սպասում էի, թե ինչ հայտարարություններ են անելու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, մտքումս շարադրում էի նրանց հնարավոր գնահատականը ու սպասում էի իրականին, որ համադրեմ ու հասկանամ՝ իսկ ես նրանց հասկանո՞ւմ եմ:
Լևոն Տեր-Պետրոսյանը ապավինեց iLur.am կայքին: Նրա «Նախնական արձագանքը» հավաստեց. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»։ ՈՒ ես հասկացա՝ ճիշտ էի, առաջին նախագահը դարձյալ պահպանեց տարածությունը իր ու աշխարհի միջև, խոսեց իր բարձունքից ու …քաղաքագիտությունից, իսկ ժողովուրդը նրանից մեկ ամիս շարունակ ջերմություն էր սպասում, բարի խոսք, ոչ թե սպառնալիքներ ու նախազգուշացումներ, ոչ թե իր իրավացիության համառ հաստատում, երբ արդեն կարևոր չէ՝ ով է ճիշտ, ով ճիշտ չէ: Նա նորից մտավ իր պատյանի մեջ ու սպասելու է, որ տեսնի՝ ինչպես են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքը» վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը և կարգավորելու մեր ժողովրդի առջև կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը։ Եթե հիշողությունը նրան դավաճանում է՝ վագրի թռիչքների պատրաստվում էր Վարդան Օսկանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: ՈՒ դա ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ելքի» հետ կապ չունի: Առաջին նախագահը ինքն իրեն մխիթարեց, որ ՀԱԿ-ին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց և կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձևավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ինքն ամենևին չի կասկածում։ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատեց, որ ՀԱԿ-ը խորհրդարանում չլինելով՝ շարունակելու է խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու աշխատանքը: Եվ հասավ աբսուրդի՝ «Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունը այսուհետև նստելու է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին»: Սա առաջին նախագահի քաղաքական նզովքն է, որ, այնուամենայնիվ, հասցեատիրոջ հարցում ճիշտ չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը չասաց, բայց չասելով՝ հաստատեց. ՀԱԿ-ը հետընտրական որևէ գործընթաց նախաձեռնելու մտադիր չէ:
Արթուր Բաղդասարյանը առանց անեծքի, կարճ ու կոնկրետ երախտագիտություն հայտնեց ՀՎԿ-ին քվեարկած 58000 քաղաքացիներին «սկզբունքային դիրքորոշման և անկաշառ վերաբերմունքի համար»: «Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա: Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին»: Եվ բառացի հայտարարեց. «ՀՎԿ-ն չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե հետընտրական հանրային միջոցառումների և հանրահավաքների: Կուսակցությունը շնորհավորում է և հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին և մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»: Աչքեր հանելու ու գանգ մաշկելու ժամանակները անցել են: Իր պատմության մեջ առաջին անգամ ՕԵԿ-ը Բաղրամյան 19 չի գնա՝ սա էլ քեզ վերածնունդ, բայց կսպասի, որ ուրիշ տեղ տանեն:
ՕՐՕ-ն, որ մինչև ընտրությունները դաշինքների կոչեր էր անում, հետընտրական գործընթացներ էր խոստանում, իսկ ընտրարշավում Սամվել Բաբայանի շուրթերով արյուն էր կանխատեսում, խիստ վիրավորված հայտարարեց. «Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կազմակերպած համակարգային կեղծարարություն»: Ասաց՝ ոչ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ոչ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ: Ասաց՝ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը: ՈՒ գնահատեց՝ «Մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ոչ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում էլ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը և լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը»: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ:
Բառացիորեն ոչինչ: Շնորհակալություն հայտնեցին խղճի մտոք քվեարկած ընտրողներին: Ասացին՝ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են գործունեությունը հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի: Ասացին՝ մղձավանջը երկար չի կարող շարունակվել՝ երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Ասացին՝ փոփոխություններն անխուսափելի են և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում։ Վերջ: Ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ ոչ հիմա, որ մարտահրավերնե՞րն ավելի ահագնանան: Փաստացի՝ նրանք էլ Ազատության հրապարակ չեն գնա:
Ազատ դեմոկրատներն ավելի լակոնիկ էին՝ «ՀՀ քաղաքացին արժանի է իր ընտրությանը և դրանից բխող բոլոր հետևանքներին», Ֆեյսբուքում գրեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։ «Իսկ մենք շարունակելու ենք պայքարել հանուն գիտակից քաղաքացու, հանուն ազատ ու անկաշկանդ Հայաստանի, հասնելու ենք այն օրվան, որ 10 000դր.=1քվե բանաձևը չգործի, որ սերունդների ապագան չխեղաթյուրեն 10 000 դրամի պահանջարկ ձևավորածները»։ Գործնականում ոչ մի ուժ չցանկացավ պարզել՝ իսկ ինքը մեղավոր չէ՞ր ընտրությունների իր արդյունքների մեջ:
«Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը բոլորովին հաղթողի խոսք չէր.
«Մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան մեր երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար:
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ: Մենք քաջ գիտակցում ենք մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար:
Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ և անմիջական շփումները ժողովրդի հետ և երբևէ մեր ժողովրդին չենք բաժանելու մեզ ձայն տվածների և չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է: Աստված պահապան մեզ բոլորիս»:
Այսինքն՝ համարյա անեկդոտի պես՝ եկա ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք՝ Աստված պահապան մեզ էլ, ձեզ էլ: Իսկ ո՞ւր մնաց հաղթելու, առաջինը լինելու հաստատակամությունը, ո՞ւր մնաց մինչև վերջ գնալու խոստումը: Ընդամենը մի քանի ժամում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց իր խոսքերից՝ երևի նորից հանդիպել էր Սերժ Սարգսյանին: Այդ հանդիպումներից հետո նրա կյանքը իր ցանկացածի պես չի ստացվում: Իզուր էր Հովիկ Աբրահամյանն ասում, որ ընտրությունների հաջորդ օրը բոլորովին այլ երկրում ենք արթնանալու: Պայթուցիկը թաց էր, չկպավ:
Կոմունիստները ոչինչ չասացին, երևի մտածում են, թե ինչպես են եղբայրական կուսակցություններին ասելու, որ միլիարդները հայ ժողովրդին պետք չեն:
ՀՅԴ-ն ևս չշտապեց գնահատել հինգի փոխարեն յոթ պատգամավոր ունենալու փաստը:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ պատասխանատու են իրենց ընտրած 120 հազար և ավելի քաղաքացու համար` «Մենք ինչպես կարող ենք այդ մարդկանց ձայնը, ովքեր հազար պրոբլեմի միջով են անցել, ասենք նրանց ձայնը հեչ էական չի, չկա նման բան», և մերժեց մանդատները վայր դնելու կոչերը: Ասաց՝ ՀՀԿ-ից են։ «Որովհետև իրենք վախեցած են մեր ֆրակցիայից, խորհրդարանում շատ լուրջ ընդդիմադիր ֆրակցիա է ձևավորվել»։
ՈՒ ինչպե՞ս այսքանից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չասեր. «Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժերին ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։ Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատվածի ներկայացուցիչներին և միջազգային մեր գործընկերներին ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցում՝ քաղաքական կոնսենսուսի կայացման, ընտրական գործընթացն ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով անցկացմանն օժանդակելու համար։ Մենք նորովի կազմակեր¬պեցինք ընտրական գործընթացը, որն ուղղակի անցյալում թողեց նախկինում ընտրական գործընթացներում դիտարկվող ամենակոպիտ խախտումների էական մասը։ Մենք մեծ քայլ արեցինք առաջ, մեծ քայլ դեպի ապագա»։
Նա շնորհակալություն հայտնեց բոլորին ու մոռացավ միայն լրագրողներին, երևի հիշեց, որ անցյալ տարի նրանց արդեն ինչ-որ բան հայտնել էր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիմա ո՞րն է «երկրի գունավոր ապագան»: Որ նույնիսկ ԱՄՆ-ը չունի: Իսկ մենք ուզում ենք ունենալ: